2 Chronicles 1
1 Դավթի որդի Սողոմոնը հզորացավ իր թագավորության մեջ, Տերը՝ իր Աստվածը, նրա հետ էր ու նրան շատ բարձրացրեց։
2 Սողոմոնը հրավիրեց իսրայելացիների բոլոր հազարապետներին, հարյուրապետներին, դատավորներին ու տոհմերի բոլոր իշխաններին
3 և նրանց հետ գնաց Գաբավոնի բարձրավանդակը, որտեղ դրված էր Աստծու Վկայության խորանը, որ անապատում պատրաստել էր Տիրոջ ծառա Մովսեսը։
4 Բայց Դավիթը Տիրոջ տապանակը հանել էր Կարիաթ-Յարիմ քաղաքից և դրա համար վրան էր պատրաստել Երուսաղեմում։
5 Պղնձե զոհասեղանը, որ պատրաստել էր Հովրի որդի Ուրիի որդի Բեսելիելը, այնտեղ էր՝ Տիրոջ խորանի առջև։ Սողոմոնն ու նրա ուղեկիցները խոնարհվեցին դրա առջև։
6 Ապա Սողոմոնը խորանի առջևում գտնվող պղնձե զոհասեղանի վրա Տիրոջ առջև զոհեր հանեց և այնտեղ հազար ողջակեզ մատուցեց։
7 Այն գիշեր Տերը, երևալով Սողոմոնին, ասաց նրան. «Խնդրի՛ր, ի՞նչ տամ քեզ»։
8 Սողոմոնն ասաց Աստծուն. «Դու իմ հորը մեծ ողորմածություն ես արել և ինձ գահ ես բարձրացրել նրա փոխարեն։
9 Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ, քո անունը թող հաստատուն մնա իմ հայր Դավթի տան վրա, քանզի ինձ գահ ես բարձրացրել բազմամարդ մի ժողովրդի վրա, որը երկրի հողի չափ շատ է։
10 Ինձ իմաստնություն ու իմացությո՛ւն տուր, որ կարողանամ ղեկավարել քո այս ժողովրդին, այլապես ո՞վ պիտի ղեկավարի քո այս մեծ ժողովրդին»։
11 Աստված ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում, չխնդրեցիր ո՛չ մեծ հարստություն, ո՛չ փառք, ո՛չ քո հակառակորդների մահը, ո՛չ էլ երկար կյանք, այլ իմաստնություն ու իմացություն խնդրեցիր, որ կարողանաս ղեկավարել իմ ժողովրդին, որի թագավորն եմ դարձրել քեզ,
12 քեզ կտամ իմաստնություն և իմացություն, ինչպես նաև հարստություն, գանձեր ու փառք, որպիսին քեզանից առաջ եղած ոչ մի թագավոր չի ունեցել, և ոչ էլ քեզանից հետո եկողներն են ունենալու»։
13 Սողոմոնը Գաբավոնի բարձրավանդակից, Վկայության խորանի առջևից եկավ Երուսաղեմ և թագավորեց Իսրայելի վրա։
14 Սողոմոնը մարտակառքեր ու հեծյալներ հավաքեց. նա հազար չորս հարյուր մարտակառք ու տասներկու հազար հեծյալ ունեցավ։ Նա դրանք թողեց հեծյալների համար սահմանված քաղաքներում, իսկ ժողովուրդը արքայի հետ մնաց Երուսաղեմում։
15 Արքան ոսկին ու արծաթը քարի պես առատ դարձրեց Երուսաղեմում, իսկ մայրիները դաշտում աճող մոլաթզենիների չափ շատացրեց Հուդայի երկրում։
16 Սողոմոնի ձիերը Եգիպտոսից էին բերվում։ Արքային վաճառականների սահմանած գինն այս էր.
17 Եգիպտոսից բերված մեկ մարտակառքը վաճառում էին վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսուն։ Այդ ձևով նրանք բերում էին նաև բոլոր քետացի թագավորների և ասորի թագավորների համար։